Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթներին վերաբերվող ամենաշատ հանդիպող հարցերը թվարկված են այս բաժնում։ Հարգելի՛ այցելուներ, Դուք կարող եք թողնել Ձեր գնահատականը տվյալ հարցի պատասխանին և/կամ լրացուցիչ պարզաբանում պահանջող Ձեր հարցը։

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի և/կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին։

Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի մասին մինչև համապատասխան փոստային ծանուցումը ստանալը պարտապանը կարող է տեղեկանալ SMS հաղորդագրության միջոցով: Դրա համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-570-402 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

Հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին ծանուցում պարտապանը կարող է տեղեկանալ նաև, եթե օգտվում է հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի վրա առկա Telegram Messenger հավելվածից: Վերջինիս միջոցով կապ է հաստատվում ԴԱՀԿբոտ-ի հետ, և օգտատերը, հավաքելով Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը), վայրկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկություն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, յուրաքանչյուր նոր հարուցված կատարողական վարույթի, արգելանքների կիրառման և դրանց վերացման մասին։

Հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի վրա: Մասնավորապես`

– աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակներից, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրություններից կարող է պահվել մինչև 75%, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով,

– այլ պահանջների բավարարման նպատակով նշված եկամուտներից կարող է պահվել մինչև 50%,

– պարտապանի պետական կենսաթոշակներից կարող է պահվել մինչև 30%:

Պարտապանի բանկային հաշիվների վրա արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունի` արդյոք այդ հաշիվներով պարտապանը աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե ոչ:

Ուստի, եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ, ապա դրանց վրա կիրառված արգելադրումը լրիվ կամ մասնակցի վերացնելու համար անհրաժեշտ է հարկադիր կատարողին ներկայացնել աշխատանքի վայրից (կամ այլ եկամուտ վճարողից) տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի նաև աշխատավարձի (եկամտի) չափը, բանկը, որի միջոցով ստանում է աշխատավարձը (եկամուտը), և այն հաշվեհամարը (գործատուի կամ այլ եկամուտ վճարողի հաշվեհամարը), որից փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը:

2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն՝պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար: Իսկ եթե միակ բնակարանն իրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:

Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.

-բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, 

-բավարարվում են ալիմենտայինկյանքին կամ առողջությանը կամ հանցագործության 

պատճառված վնասների հատուցման պահանջները:

Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2017թ. հուլիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը, այն է՝ 4.900.000 ՀՀ դրամ:

Քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նշված որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

Նշված փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա:

Այսինքն՝ մինչև 01․03․2017թ․ հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ քաղաքացին կարող է կատարել վճարումներ՝ ըստ հարուցված կատարողական վարույթների:

Վճարումներ կարող են կատարվել ինչպես բանկերի, IDRAM բջջային դրամապանակի, այնպես էլ EASYPAY-ի, TELCELL-ի ու MOBIDRAM-ի վճարային տերմինալների միջոցով:

Եթե քաղաքացին վճարել է կատարողական վարույթով բռնագանձման ենթակա ամբողջ գումարը, և արգելանքերը պահպանվել են, ապա անհրաժեշտ է կապ հաստատել հարկադիր կատարողի հետ և ճշտել պատճառները (հնարավոր է, որ միևնույն անձի այլ պարտքերի բռնագանձման համար ևս հարուցված լինեն կատարողական վարույթներ):

Եթե հնարավոր չէ կապ հաստատել հարկադիր կատարողի հետ, անհրաժեշտ է զանգահարել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության թեժ գիծ՝ 060-570-435 հեռախոսահամարով,  և ներկայացնել խնդիրը: Եթե առաջարկվող լուծումը չի գոհացնում դիմողին, վերջինս կարող է գրությամբ իր խնդիրը ներկայացնել հարկադիր կատարողի վերադաս մարմին:

Քաղաքացու կողմից կրկնակի վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայացնել վճարման անդորրագրերի պատճենները, որոնց հիման վրա քաղաքացին ավել վճարած գումարը կարող է հետ ստանալ առձեռն կամ բանկային փոխանցմամբ, եթե ներկայացվել է համապատասխան հաշվեհամար:

Հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջները կատարելու համար հարկադիր էլեկտրոնային աճուրդով պարտապանի գույքն իրացնելիս կայացնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում: Սույն որոշումը հարկադիր կատարողն ուղարկում է կատարողական վարույթի կողմերին՝ պահանջատիրոջը և պարտապանին, և նրանց ծանուցման պահից տասնօրյա ժամկետում հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման կայքում` https://harkadir.ajurd.am/ հրապարակում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի ծանուցումը:

Ընդ որում, կատարողական վարույթի կողմերը պետք է ծանուցվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված պատշաճ ձևով, համաձայն որի` երբ պարտապանին հնարավոր չէ ծանուցել առձեռն, կամ ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է, կամ նա չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա ծանուցագիրն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին։ Նշված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am։

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեները և հեռախոսահամարները քաղաքացին կարող է գտնել Ծառայության պաշտոնական կայքի՝ www.harkadir.am հասցեներ և հեռախոսահամարներ բաժնից, կամ տեղեկանալ՝ զանգահարելով Ծառայության թեժ գիծ` 060-570-435 հեռախոսահամարով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66‑րդ հոդվածի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են.

1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար,

2) փորձագետների վճարման համար,

3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար,

4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար,

5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից.

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100 000 ՀՀ դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով,

բ) 10 000 ՀՀ դրամից մինչև 100 000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթիկատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5 000 ՀՀ դրամի չափով,

գ) մինչև 10 000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:

Կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով՝ ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասի:

Կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում նաև այն դեպքում, եթե կատարողական վարույթը կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով:

Քրեակատարողական ծառայության և հիմնարկների գործառույթներին վերաբերվող ամենաշատ հանդիպող հարցերը թվարկված են այս բաժնում։ Հարգելի՛ այցելուներ, Դուք կարող եք թողնել Ձեր գնահատականը տվյալ հարցի պատասխանին և/կամ լրացուցիչ պարզաբանում պահանջող Ձեր հարցը։

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:

Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու համար անհրաժեշտ են կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև նախկինում համատեղ բնակվելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

Կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահաս անձանց: Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատև տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները և թոռները:

Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից մեկնարկել է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով (www.ced.am) կայքէջ:

Հայտնում ենք նաև, որ առցանց պատվերի ծառայությունը գործում է «Արմավիր», «Սևան», «Արթիկ», «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:

 XVII. ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է ստանալ և ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։

Ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը տալիս է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:

  1. Այն առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալներին արգելվում է ծանրոցներով, հանձնուքներով կամ փաթեթներով ստանալ, սույն կանոնակարգով սահմանված կարգով ձեռք բերել, սահմանվում է սույն կանոնակարգով (N 2 ձև):
  2. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:
  3. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, բողոքների և առաջարկությունների արկղ: Տեսանելի վայրերում փակցվում են քաղվածքներ, հանձնուքների, ծանրոցների և փաթեթների հանձնման կարգը լուսաբանող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, ինչպես նաև ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:
  4. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (N 8 ձև): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողին: Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:
  5. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում ծանրոցում, հանձնուքում կամ փաթեթում առկա առարկաների և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:
  6. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
  7. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում ծանրոց, հանձնուք կամ փաթեթ հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:
  8. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:
  9. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները հասցեատիրոջն են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:
  10. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը։
  11. Հանձնուքները, փաթեթները և ծանրոցները չեն ընդունվում`

1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել կամ մահացել է,

2) հանձնուքի, փաթեթի կամ ծանրոցի քաշի` սահմանված չափին անհամապատասխանության դեպքում,

3) հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու դեպքում,

4) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցն ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում:

Սույն կետով նախատեսված դեպքերում ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

  1. Կալանավորվածներին պահելու այլ վայր կամ ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու վայրի հասցեով:
  2. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ուղարկելու նպատակով դրա մասին դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որում նշվում է ուղարկվող ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի պարունակությունը:
  3. Վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը` կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

Ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

  1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց դրա սահմանափակման:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց, բացառությամբ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` առանց դրանց սահմանափակման:

  1. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամի ազատ տնօրինումը:

       (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ  3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն)

Կալանավորված անձին և դատապարտյալին թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց ստացվող և ուղարկվող նամակագրության սահմանափակման:

Նամակագրությունն իրականացվում է հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից: Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ձեռք բերել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:

Քննության շահերից ելնելով` կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:

Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել:

Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով:

Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:

Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:

Բաց ոււղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում վեց անգամից ոչ ավելի, իսկ կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին` տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:

Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ սոցիալական վերականգնման նպատակով՝ եռօրյա ժամկետում։

Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող անձը ենթակա է քրեական պատասխանատվության։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործառույթներին վերաբերվող ամենաշատ հանդիպող հարցերը թվարկված են այս բաժնում։ Հարգելի՛ այցելուներ, Դուք կարող եք թողնել Ձեր գնահատականը տվյալ հարցի պատասխանին և/կամ լրացուցիչ պարզաբանում պահանջող Ձեր հարցը։

Ամուuնության պետական գրանցումը կատարում է՝
– ամուuնացողներից մեկի հաշվառման վայրի (բնակության վայրի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) ՔԿԱԳ տարածքային մարմինը կամ

– Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը (հասցե՝ ք. Երևան, Զաքյան փող., 3 շենք, Կենտրոն վարչ. շրջան, հեռ.՝ +374-10-520230):

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից՝ տրված իրավասու մարմինների կողմից։

Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք։

Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.

  1. գրավոր հայտարարություն (ձևանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից)
  2. ծնողների /ծնողներից մեկի/ և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
  3. երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական),
  4. երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
    1. ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
    2. ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ
    3. ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
    4. բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի /անձանց/ կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:

Վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։

5. վերը նշված փաստաթղթերից բացի, նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:

Մահվան գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար:

Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ` տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից լիազորված անձը:

Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով։

Որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Նոտարական պալատի գործառույթներին վերաբերվող ամենաշատ հանդիպող հարցերը թվարկված են այս բաժնում։ Հարգելի՛ այցելուներ, Դուք կարող եք թողնել Ձեր գնահատականը տվյալ հարցի պատասխանին և/կամ լրացուցիչ պարզաբանում պահանջող Ձեր հարցը։

Այո, քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:

Քաղաքացու այդ իրավունքը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով: Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Այո, ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:

Նույնը վերաբերում է նաև ժառանգությունից հրաժարվելուն. ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

ՀՀ Քաղացիական օրենսգրքի 1227 հոդվածով ժառանգության ընդունման ժամկետ է սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքը: Եթե ժառանգության իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգների հրաժարվելու դեպքում, ապա կարող են ընդունել վեց ամսվա ժամկետի մնացած մասով, իսկ եթե երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։

Նվիրատվության պայմանագրի դեպքում գույքը նվիրառուին է փոխանցվում  նվիրատվության պայմանագրի վավերացման և լիազոր մարմնում սեփականության իրավունքի գրանցման պահից, իսկ կտակի դեպքում կտակարարի, այսինքն՝ ժառանգատուի մահվանից հետո ժառանգությունը ձևակերպելու և լիազոր մարմնում սեփականության իրավունքի գրանցման պահից:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործառույթներին վերաբերվող ամենաշատ հանդիպող հարցերը թվարկված են այս բաժնում։ Հարգելի՛ այցելուներ, Դուք կարող եք թողնել Ձեր գնահատականը տվյալ հարցի պատասխանին և/կամ լրացուցիչ պարզաբանում պահանջող Ձեր հարցը։

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար անհրաժեշտ են անձը հաստատող և  պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը:

Պետական գրանցման համար անհրաժեշտ նմուշային ձևերը հնարավոր է ձեռք բերել e-register.am կայքում:

Պետական գրանցումը իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե անձը օգտվում է նմուշային ձևերից, որի դեպքում պետական գրանցումն իրականցվում է անմիջապես:

Առևտրային կազմակերպությունների համար պետական տուրք չի գանձվում, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար սահմանված պետական տուրքը 3000 ՀՀ դրամ է:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումը կատարվում է ամբողջությամբ էլեկտրոնային registration.am կայքում՝ գրանցվելու միջոցով: Ապահովված իրավունքի գրանցման համար սահմանված պետական տուրքը 2000 ՀՀ դրամ է:

Դատական ակտերի
հարկադիր կատարումն
ապահովող ծառայություն

Քրեակատարողական
ծառայություն

Քաղաքացիական կացության
ակտերի գրանցման
գործակալություն

Նոտարական պալատ

Իրավաբանական անձանց
պետական ռեգիստր