Բռնագանձման պահանջով կատարողական թերթի ներկայացումից հետո հարուցված կատարողական վարույթի շրջանակում պարտապանի գույքի գտնվելու վայրը հայտնի լինելու դեպքում պարտապանի գտնվելու վայրի անհայտ լինելն արդյո՞ք կարող է խոչընդոտ հանդիսանալ գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու համար:

Հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջները կատարելու համար հարկադիր էլեկտրոնային աճուրդով պարտապանի գույքն իրացնելիս կայացնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում: Սույն որոշումը հարկադիր կատարողն ուղարկում է կատարողական վարույթի կողմերին՝ պահանջատիրոջը և պարտապանին, և նրանց ծանուցման պահից տասնօրյա ժամկետում հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման կայքում` https://harkadir.ajurd.am/ հրապարակում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի ծանուցումը:

 

Ընդ որում, կատարողական վարույթի կողմերը պետք է ծանուցվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված պատշաճ ձևով, համաձայն որի` երբ պարտապանին հնարավոր չէ ծանուցել առձեռն, կամ ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է, կամ նա չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա ծանուցագիրն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին։ Նշված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am։

Թողնել պատասխան