Կարո՞ղ է արդյոք անձը իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, հետագայում վերացնել կամ փոփոխել կտակը, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները:

Այո, քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:

Քաղաքացու այդ իրավունքը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով: Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: