Ո՞րն է հանձնուքներ տրամադրելու կարգը:

Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից մեկնարկել է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով (www.ced.am) կայքէջ:

Հայտնում ենք նաև, որ առցանց պատվերի ծառայությունը գործում է «Արմավիր», «Սևան», «Արթիկ», «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:

 XVII. ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ, ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՓԱԹԵԹՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է ստանալ և ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։

Ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ ստանալու և ուղարկելու թույլտվությունը տալիս է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ` քրեակատարողական այլ ծառայող:

  1. Այն առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալներին արգելվում է ծանրոցներով, հանձնուքներով կամ փաթեթներով ստանալ, սույն կանոնակարգով սահմանված կարգով ձեռք բերել, սահմանվում է սույն կանոնակարգով (N 2 ձև):
  2. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:
  3. Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ քաղաքացիների մուտքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, բողոքների և առաջարկությունների արկղ: Տեսանելի վայրերում փակցվում են քաղվածքներ, հանձնուքների, ծանրոցների և փաթեթների հանձնման կարգը լուսաբանող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, ինչպես նաև ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:
  4. Ծանրոց, հանձնուք կամ փաթեթ բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (N 8 ձև): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողին: Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:
  5. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում ծանրոցում, հանձնուքում կամ փաթեթում առկա առարկաների և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:
  6. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի համապատասխան ծառայողը, ընդունելով ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
  7. Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորված անձին կամ դատապարտյալին են հանձնվում ծանրոց, հանձնուք կամ փաթեթ հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:
  8. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ծանրոցը, հանձնուքը կամ փաթեթն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում:
  9. Ծանրոցները, հանձնուքները կամ փաթեթները հասցեատիրոջն են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:
  10. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները, փաթեթները և ծանրոցները վերցվում են պահպանության և նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը։
  11. Հանձնուքները, փաթեթները և ծանրոցները չեն ընդունվում`

1) եթե հասցեատեր կալանավորված անձը կամ դատապարտյալն ազատ է արձակվել կամ մահացել է,

2) հանձնուքի, փաթեթի կամ ծանրոցի քաշի` սահմանված չափին անհամապատասխանության դեպքում,

3) հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չներկայացվելու դեպքում,

4) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հանձնուքը, փաթեթը կամ ծանրոցն ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում:

Սույն կետով նախատեսված դեպքերում ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները վերադարձվում են այն հանձնողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

  1. Կալանավորվածներին պահելու այլ վայր կամ ուղղիչ հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով ստացված ծանրոցները, հանձնուքները և փաթեթները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի հաշվին ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելու վայրի հասցեով:
  2. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ուղարկելու նպատակով դրա մասին դիմում է ներկայացնում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, որում նշվում է ուղարկվող ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի պարունակությունը:
  3. Վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը` կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:

Ծանրոցի, հանձնուքի կամ փաթեթի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:

  1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց դրա սահմանափակման:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց, բացառությամբ այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` առանց դրանց սահմանափակման:

  1. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից իր դրամի ազատ տնօրինումը:

       (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ  3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն)